Ռուսաստանը կասեցնում է Թուրքիայում գազային հաբի ձևավորումը: Խնդիրը, ըստ միջազգային մամուլի, Մոսկվայի և Անկարայի միջև ծագած տարաձայնություններն են: Դժվար չէ կռահել, թե ինչ բնույթ են դրանք կրում:
Նախ՝ դեռևս մինչև սևծովյան հացահատիկային նախաձեռնության սառեցումը Մոսկվան աշխատանքներ էր սկսել Իրանի, Քաթարի և Թուրքմենստանի հետ գազային հաբ ձևավորելու ուղղությամբ, ինչն ինքնին լուրջ մարտահրավեր է Թուրքիայի էներգատրանսպորտային ռազմավարության համար: Վերջինս, ինչպես գիտենք, առավելապես խարսխված է միջազգային նշանակության լոգիստիկ հաբի ձևավորման սկզբունքի վրա:
Նաև վերջերս, Սոչիում անցկացված հանդիպմանը, Պուտինն ու Էրդողանը գրեթե չանդրադարձան գազային հաբի նախագծին, թեև վերջինս ռուս-թուրքական օրակարգի առանցքային հարցերից է: Ինքնին դա վկայում է առնվազն նախագծի նպատակահարմարության վերաիմաստավորման մասին, գոնե՝ Մոսկվայի կողմից:
Գումարելով այս ամենին վերջերս G20-ի շրջանակներում Թուրքիան շրջանցող «Մերձավորարևելյան միջանցքի» մասին ընդունված կոմյունիկեն՝ դժվար չէ կռահել, որ թուրքական տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարությունը միաժամանակ մի քանի ճակատով հայտնվում է բավականին ռիսկային գոտում:
Մեծ Եվրասիայի համար պայքարը մտնում է շրջադարձային փուլ:
Վահե Դավթյան